Սեպտեմբերի 13-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասաց, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, և ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա և աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ նախագահին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշեց, որ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:
Կիպրոսի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել և առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և և փոխվստահության բարձր մակարդակով:
Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրեց կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց 2011թ. ՀՀ նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:
Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրեց նաև եվրագոտու ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:
ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրեց հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ և միանշանակ արձագանքը:
Կիպրոսի նախագահը խնդրեց իր ողջույնները, ինչպես նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի նախագահին և ժողովրդին:





