2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ
Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։
Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում, ասվում է Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության տարածած հաղորդագրությունում:
Մասնավորապես` – Առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։
– Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։
– Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ` տարբեր ժամկետների ազատազրկման։
Վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։
Այնուամենայնիվ, անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում ջավախահայությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար։ Ջավախահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր` և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը. 1. Ջավախքում լարված քաղաքական իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ` – Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում, – Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում, – Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում. 2. Վրաստանի հայաբնակ շրջաններում ինքնակառավարման համակարգի կայացում, այդ թվում` ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման միջոցով, 3. Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում, 4. Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ, 5. Կրթական ոլորտի խնդիրներ. – Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում, – Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում. – Ախալքալաքում հայ–վրացական համալսարանի բացում, ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:





