Որոշ մարզպետարանների ենթակայության ներքո գտնվող դպրոցներում իրավիճակը մտահոգող է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից:
Դպրոցների 94% կապված է մարզպետարանների հետ, ուստի այդ դպրոցներում առկա խնդիրների լուծումն ամենից առաջ մարզպետարանների պատասխանատվության տակ է»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով դպրոցներում առկա կոռուպցիոն ռիսկերին` Արմեն Աշոտյանն ասաց, որ, համաձայն սոցիոլոգիական հետազոտությունների, դպրոցներում որպես կոռուպցիոն ռիսկեր են դիտվում ծնողական խորհուրդների միջոցով կազմակերպվող դրամահավաքները: «Մենք դա չենք դիտարկում որպես կոռուպցիայի դրսևորում, այն ուղղված է դպրոցի աջակցությանը, կոռուպցիա է դիտվում տնօրենի, դասղեկի կամ ուսուցչի անհատական շահերի բավարարմանն ուղղված դրամահավաքը:
Դրամահավաքի 90%-ից ավելին դպրոցի այս կամ այն տնտեսական խնդրի լուծմանն է ուղղված: Նախկինում դրամահավաքները կազմակերպվում էին տնօրենի նախաձեռնությամբ, իսկ այժմ գնալով ավելի հաճախ են կազմակերպվում ծնողկոմիտեի որոշմամբ, բայց դասղեկի և տնօրենի իրազեկությամբ: Ընդ որում այդ դրամահավաքները չեն կարող պարտադիր լինել»,- ընդգծեց նա` հավելելով, որ դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի նվազման գործում կարևոր է ծնողների մոտ քաղաքացիական գիտակցության բարձրացումը:
Կրթության և գիտության նախարարը խոսեց նաև ուսուցիչներին աշխատանքի տեղավորելու հարցի շուրջ` ասելով, որ արդեն մեկուկես տարի դա իրականացվում է մրցութային կարգով: «Կարգը ներմուծելուց հետո որոշ ուսուցիչների դիմադրությանն ենք հանդիպել, բայց դա լուծվող խնդիր է: Բացի այդ, սկսած 2018 թվականից Հայաստանի ուսումնական հաստատություններում պետք է աշխատեն միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն բակալավրի կոչում ունեցող մանկավարժներ: Նրանց 7 տարի ժամանակ է տրվել այդ գիտական աստիճանը ստանալու համար, և 2018-ից հետո բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները կհեռացվեն աշխատանքից»,- նշեց Աշոտյանը:





