AM
20 Սեպտեմբեր 2012 - 09:06 AMT

Վարչապետը հանձնարարել է քննել Ազգային գրադարանի «վերանորոգումը»

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ՀՀ կառավարության նիստում հաշվետու է եղել Հայաստանի Ազգային գրադարանի վերակառուցման նախնական աշխատանքների մասին:

Աշխատանքները մեկնարկել են դեռևս 2008 թվականին և պետք է ավարտվեին 2011-ի դեկտեմբերին, որի համար հատկացվել է 690 մլն դրամ: Ըստ նախագծի, շենքը պետք է ամրացվեր սեյսմակայունության տեսակետից, սակայն, կառուցողական աշխատանքներ չեն կատարվել, հաշվի չի առնվել ստորգետնյա և վերգետնյա ջրերի ներթափանցման վտանգը: «Հիմնական աշխատանքները սխալ են կատարվել, առաջին հերթին ուշադրություն է դարձվել վերանորոգման աշխատանքներին շենքի ներսում, ջեռուցման և օդափոխության աշխատանքներ չեն կատարվել»,-ասել է նա:

Այդպիսով, Ազգային գրադարանում 2008-2011թթ. կատարված վերանորոգման աշխատանքները հարկավոր է կրկին կատարել դրանց անորակ լինելու պատճառով, հատկապես հիմքի ամրացման գործում:

«Դա ուղղակի խայտառակություն է: Հանրության ուշադրության կենտրոնում գտնվող կարևորագույն օբյեկտ: Հատկացվել է շուրջ 700 մլն դրամ, իսկ աշխատանքներն մինչ օրս չեն ավարտվել, և մենք կրկին պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնենք»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն առաջարկել է քննել այդ իրավիճակն ու հանձնել բոլոր նյութերը իրավապահ մարմիններին: