AM
20 Սեպտեմբեր 2012 - 11:40 AMT

Հոկտեմբերի 6-ին Արենի գյուղում տեղի կունենա գինու փառատոնը

Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում հոկտեմբերի 6-ին տեղի կունենա ամենամյա գինու փառատոնը, որը թվով երրորդն է: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Նրա խոսքով, փառատոնի շրջանակներում կկազմակերպվի երկու մրցույթ տնական գինիներ արտադրողների և գործարանային արտադրողների համար, իսկ դրանց համտեսի համար հրավիրվել են արտասահմանյան փորձագետներ: Բացի դրանից, տոնը կուղեկցվի ազգագրական երաժշտությամբ, ազգային ուտեստներով, որոնք ավանդաբար մատուցվում են գինու հետ: Նունե Մանուկյանը նաև հաղորդել է, որ այս տարի կազմակերպիչներն առաջարկում են փառատոնի հյուրերին գինին համտեսել տեղի վարպետների կողմից հատուկ պատրաստված կավե բաժակներով` դրանով հանդերձ աշխատատեղեր ստեղծելով բնակիչների համար:

Իր հերթին, «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը հավելել է, որ փառատոնի կազմակերպումն ինքնանպատակ չէ: «Դա երկրի մշակույթը ներկայացնելու աշխարհում ընդունված միջոց է` նրա ճանաչելիության մակարդակը բարձրացնելու նպատակով»,- ասել է նա: Բացի դրանից, ինչպես նշել է Մամուլյանը, փառատոնը թույլ կտա Հայաստանի մարզերում լավ գործարար միջավայր ստեղծել տեղի բնակիչների համար, ովքեր կարող են շահույթ ստանալ:

Գինու փառատոնը կազմակերպելու հետ միասին կազմակերպիչները որոշում են ընդունել միավորել բերքի տոնը, որը նշվում է Վայոց Ձորի մարզում մեկ շաբաթ շուտ:

Իր հերթին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հաղորդել է, որ արդեն մշակվել է 2012-2022թթ. Արենու շրջանում զարգացման ռազմավարությունը: Նրա խոսքով, նման փառատոների անցկացումը թույլ է տալիս երկրում պահպանել և զարգացնել գինեգործությունը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքները` հյուրանոցների և հանգստյան տների կառուցումը: