Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական նվաճումների համար ՀՀ նախագահի հրամանագրով Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ թավջութակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՄեդեաԱբրահամյանը, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: Երկարամյա և բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Դոնարա Հորությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:Թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը:





