AM
20 Սեպտեմբեր 2012 - 14:10 AMT

Իրանի ԱԳՆ. Իսրայելը գլխավոր արգելքն է միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելքի ճանապարհին

Իսրայելը գլխավոր արգելքն է միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելքի ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը` կոչ անելով միջուկային զենք ունեցող երկրներին խստորեն հետևել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթներին:

«Եթե համաշխարհային տերությունները, ներառյալ մահմեդական երկրները, որոշում ընդունեն բոյկոտել Իսրայելի իշխանությունները և համատեղ որոշում ընդունելով ամրապնդեն իրենց համերաշխությունը, ապա ԻԻՀ-ն կաջակցի այդ նախաձեռնությանը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը:

Նա նաև հույս է հայտնել, որ համաշխարհային տերությունները, որոնք վերահսկում են աշխարհի բոլոր երկրների միջուկային գործունեությունը, կկատարեն իրենց պարտքը և կխրախուսեն երկրներին, որոնք ցանկանում են օգտագործել միջուկային էներգիան գիտահետազոտական նպատակներով և խստորեն հետևել երկրներին, որոնք միջուկային զենք ունեն` թույլ չտալով դրա ոչ ռացիոնալ օգտագործումը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է միջուկային զենք ստեղծելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր մեղադրանքները: