AM
21 Սեպտեմբեր 2012 - 09:58 AMT

Բյուրականում ավարտվում է երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցը

Բյուրականի աստղադիտարանում ավարտվում է երիտասարդ աստղագետների միջազգային ամառային դպրոցը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, սա թվով չորրորդ ամառային դպրոցն է, որն այս տարի անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Սեպտեմբերի 15-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում աստղադիտարանում դասախոսություններով հանդես եկան շուրջ 15 հրավիրված դասախոսներ, այդ թվում Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակին արժանացած գիտնականներ Յան Էյնաստոն և Իգոր Նովիկովը»,- հաղորդեց նա:

Դպրոցին մասնակցում են Հայաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ: Ինչպես նշել է Մոսկվայից մասնակից երիտասարդ աստղագետ Անաստասիա Տիտարենկոն, Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցը շատ լավ հնարավորություն է նոր բան սովորելու համար: «Դասընթացները կազմակերպում են դասախոսներ, ովքեր միջազգային գիտաժողովներում են ելույթ ունենում: Բացի այդ, դպրոցում փորձի և գիտելիքների փոխանակություն է տեղի ունենում, նոր ծանոթություններ ու նոր հնարավորություններ են բացվում: Դա շատ կարևոր է երիտասարդ գիտնականի զարգացման և առաջխաղացման համար»,- ասել է նա:

Դպրոցն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և Հայկական աստղագիտական ընկերության կողմից: Դասախոսվող և քննարկվող թեմաների թվում էին ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները և Վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միջամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմա-աստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը: Դասախոսություններից բացի մասնակիցների համար կազմակերպվել են գործնական պարապմունքներ, դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն աստղադիտարանի աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: