«Առավոտ»-ի խմբագրականը նախօրեին Խոսրովի անտառում տեղի ունեցած խրախճանքի ու դրա մասնակիցների մասին է: Օրաթերթի խմբագիրը գրում է. «92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյւսնի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին` հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, և մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա` ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հւսնդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը, քո հայրենիքը պաշտպանելու, իսկ դրա մեջ մտնում է նաև քո բնությունը»:
Այդ պատմությունը հիշեցի այն պահին, երբ երեկ տեսա այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք պատկերում են Խոսրովի անտառում «լավ տղերքի» խրախճանքի հետևանքները: Մտածեցի` նորմալ մարդիկ, որոնց հանդիպում էի պատերազմի ժամանակ, կամ գնացել են երկրից, կամ սոցիալական խնդիրների լծի տակ մի տեսակ կծկվել են, հեռացել են հասարակական կյանքից: Փոխարենն ասպարեզում են հոգևոր հաշմանդամները, որոնք իրենց մասին թյուրիմացաբար ասում են` «ուժեղ ենք, հզոր ենք», բայց իրականում ապրում են խղճուկ և անիմաստ կյանքով, որը, ճիշտ է, շատերի համար նախանձի առարկա է, այսպես ասած` երազանքի ուղենիշ:
Այդ անիմաստ ապրելակերպի անբաժանելի մասն է կազմում բնությանը վնաս տալը և կենդանիներ սպանելը: Հոգեպես առողջ մարդը կարիք չունի ինքնահաստատվելու` զենք օգտագործելով անզեն կենդանիների դեմ: Զվարճանալու համար շնչավոր էակի արյունը թափելը խոսում է խորը, մանկության տարիներին առաջացած բարդույթների մասին, որոնք հաղթահարվում են ագրեսիայի և սադիզմի միջոցով: Նույն հիվանդության նշան է հաստավիզ թիկնապահների ջոկատներ պահելը՝ դրանց միջոցով են նրանք «վերխ հավաքում» հասարակ մահկանացուների հանդեպ: Բայց ամենացավալին այն է, որ այդ հիվանդ սադիստները սպանելու իրենց կիրքը բավարարում են Հայաստանում, ոչ թե, ասենք, Աֆրիկայում, որտեղ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Հավանաբար, նրանք հատուկ բավականություն են ստանում վնաս տալու հենց իրենց փոքր և փխրուն հայրենիքում: Դա հաճույքի ճիշտ նույն տեսակն է, որը նրանց դրդում է գնդակահարել անպաշտպան կենդանիներին:
– Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները: Կասկած չկա` կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել: Երբ կիրակի օրն այս թեմայով հաղորդում էինք պատրաստել «Շանթով», ինձ մի քանի հոգի մոտեցավ և պատմեց իր իմացածը` թե ինչպես են, օրինակ, «վերնախավի» այդ ներկայացուցիչները դինամիտը գցում գետը` ձուկ սպանելու նպատակով: Կամ ինչպես են որս անում ուղղաթիռներով՝ բա հզոր տղերք են, պիտի՞ իրենց անվտանգության մասին մտածեն:
Կարծում եք` ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ: Շատ պարզ, որովհետև նա զգում է [կամ գուցե գիտի], որ դա իր «յուրայինների»` պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»»:





