AM
26 Սեպտեմբեր 2012 - 10:44 AMT

Կոմիտասի թանգարանի կառուցման նպատակով ծառեր կարող են հատվել, ասում է քաղաքապետի ներկայացուցիչը

Կոմիտասի թանգարանի կառուցման համար հնարավոր է ծառահատում տեղի ունենա, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Արբակ Վարդանյանը: Նա նաև չբացառեց ծառերի տեղափոխման տարբերակը:

Նրա խոսքով, այն չի ընդգրկելու Կոմիտասի անվան զբոսայգու հատվածը, այլ դրան կից մշակույթի պալատի շենքն ու ետևի տարածքը: Շինությունը զբաղեցնում է 400 քմ տարածք, ևս 800 քմ-ի չափ տարածք էլ կտրամադրվի թանգարանի կառուցման համար: Թանգարանի նախագծի հեղինակն է Արթուր Մեսչյանը: Թե որքա ՞ն ծառ է աճում այդ տարածքում, ճարտարապետը չկարողացավ նշել, պատճառաբանելով, որ ձեռքի տակ չունի այդ տվյալները:

Ասուլիսի մյուս բանախոս, հրապարակախոս Կարինե Հակոբյանը նշեց, որ այսօր Երևանում կան բազմաթիվ մշակութային շինություններ, որոնք վերածվում են բիզնես կենտրոնների, և անհրաժեշտ է դրանք պահպանել: Բացի դրանից, հրապարակախոսի կարծիքով Հայաստանում կոմիտասագիտությունը շատ ցածր մակարդակում է գտնվում, և պետք է համապատասխան ֆինանսներ ներդնել այն զարգացնելու համար:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ այգին դա ծառ է և խոտ, և ոչինչ պետք չէ այնտեղ կառուցել, փոխարենը պետք է բարեկարգել այգին: Ադամյանը, ով նաև քաղաքապետարանի բնապահպանական խորհրդի անդամ է, ասաց, որ նրանց հետ ոչինչ չի համաձայնեցվել, այնինչ դա անհրաժեշտ էր:

Թանգարանը կառուցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Շինության նախագիծը ներկայացվել է օրերս` Երևանի քաղաքապետարանում: