AM
28 Սեպտեմբեր 2012 - 10:00 AMT

ԿԳ նախարար. Հեռացած մասնագետները այսօր վերադառնում են հայրենիք որպես կայացած մասնագետներ

Այս օրերին Հայաստանում են ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «ուղեղների արտահոսքի» խնդրին` նշելով, որ այդ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում և, մասնավորապես, ԱՊՀ տարածքում:

«Հավաստիացնում եմ, որ հեռացած մասնագետների մի որոշ մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք` իր ստացած փորձով և կապերով: Մենք մեր կապը չենք խզում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր տաղանդավոր երիտասարդների հետ. կարևորն այն է, որ նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը և իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործումը»,-ընդգծել է նախարարը և հավելել, որ վերջերս իրականացված ուսումնասիրության արդյունքներով, բնակչության մեկ շնչի հաշվարկով Հայաստանը ԱՊՀ տարածքում երկրորդն է իր գիտական ցուցանիշներով, այն է` միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակումների քանակը հղումների համապատասխան ինդեքս և այլն:

Հանդիպմանը ներկա երիտասարդներն իրենց հերթին նշել են, որ ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի` առաջին անգամ Հայաստանում անցկացվող նստաշրջանը կնպաստի ԱՊՀ երկրների բժշկական բուհերի կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, նոր կապերի ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում երիտասարդները նաև հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են համաֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերի, միջազգային դրամաշնորհների, պետության կողմից ֆինանսավորման միջոցների վերահսկման, ուսանողների շարժունության, կրթության միջազգայնացման և այլ խնդիրներին: