AM
1 Հոկտեմբեր 2012 - 09:28 AMT

Հայաստանը ֆինանսավորում կստանա ԵՀ-ից աղետներին պատրաստվածության բարձրացման ծրագրի համար

Եվրոպական հանձնաժողովի բնական աղետներին պատրաստվելու ծրագրի շրջանակներում Կովկասի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) երկրներին հատկացվել է 8 մլն եվրո բնական աղետների պատրաստվածության ապահովման հարցում բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնը:

«Բնության ուժերին դիմակայելու պատրաստվածության ձևավորումը մեր քաղաքականության և մարդասիրական օգնության կենտրոնական տարրն է: Մենք աղետների վտանգավորության նվազումը դիտարկում ենք որպես ներդրում, այլ ոչ թե ծախս:

Իսկապես, աղետներին պատրաստվելու վրա ծախսված յուրաքանչյուր եվրոն կտնտեսի 7 եվրո դրանց հետևանքները հաղթահարելու համար»,- ասել է միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով ԵՄ հանձնակատար Կրիստալինա Գեորգիևան: