AM
1 Հոկտեմբեր 2012 - 08:54 AMT

Հանքարդյունաբերությունից առաջացած 1տ թափոնի համար ոչ մի լումա չի մտնում պետական գանձարան

Հանքարդյունաբերության ոլորտի բացերի մասին է այսօր խոսել Կանաչների միության նախագահը: Հակոբ Սանասարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ հանքարդյունաբերությունից առաջացած 1տ թափոնի համար պետական գանձարան է մտնում 0 դրամ. «Այդ թափոնների վնասները հայտնի են, բայց անտեսվում են: Կուտակվելով պոչամբարներում՝ 70-90 տոկոսով նվազեցնում են շրջակա հողերի բերրիությունը, քաղցկեղածին են, առաջացնում են մեռելածնություն: 1 քմ մետր անտառային հողը հանքարդյունաբերության նախագծերից մի քանիսում 80 լումա է գնահատվել, այն դեպքում, երբ միջազգային կազմակերպությունները և պետությունը հանքարդյունաբերությունը հանել են հարկային դաշտից»,- ասում է Հակոբ Սանասարյանը:

Կանաչների միության նախագահը չի անտեսում տնտեսական աճի պոտենցիալը, բայց նշում է, որ այն ավելի մեծ կլինի, եթե ոլորտը հարկային դաշտ բերվի (եղած եկամտահարկից բացի): Ըստ նրա՝ այդ դեպքում չեն շահագործվի այն հանքերը, որոնցում օգտակար հանածոն քիչ տոկոս է կազմում, ուստի ոլորտը կզսպվի ու կկարգավորվի: