ԵԱՀԿ դիտորդները գնահատել են հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ համարելով դրանք «կարևոր քայլ ժողովրդավարության ուղղությամբ»:
Ինչպես ասել են դիտորդները Թբիլիսիում կայացած ճեպազրույցում, ընտրություններն անցել են «ազատ և մրցակցային մթնոլորտում», սակայն երկրում, նախկինի պես, խնդիրներ կան ընտրական գործընթացի հետ կապված: Պայքարը գնում էր ոչ թե ծրագրերի, այլ մի կողմից վարչական ռեսուրսի, մյուս կողմից՝ ֆինանսական միջոցների միջև:
Բացի այդ կային քաղաքական ակտիվիստների ահաբեկման փաստեր: Վրաստանի ԿԸՀ-ն դեռ վերջնական արդյունքները չի հրապարակել, սակայն, արդեն հայտնի է, որ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքին»:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն ճանաչել է «Վրացական երազանքի» հաղթանակը և հայտարարել է, որ իշխող կուսակցությունը դառնում է ընդդիմություն, հայտնում է ՌԲԿ-ն:





