Հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների պահպանության համաշխարհային օրը: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ Հայաստանում րոշ կենդանատեսակների պահպանության առումով դրական միտում կա: «Բեզոարյան այծի, սիրիական և կովկասյան գորշ արջի, հայկական մուֆլոնի և այլ կենդանատեսակների պոպուլյացիան դանդաղ տեմպերով, բայց ավելացնում է:
Վերջերս այդ կենդանիներին սկսել ենք նկատել այնպիսի վայրերում, որտեղ նրանք չպետք է լինեին»,- նշեց նա` հավելելով, որ Կենդանիների պահպանության համաշխարհային օրը նշելը ողջունելի է, սակայն կարևորը գործով դրան նպաստելն է:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն իր հերթին նշեց, որ բնապահպանությունը ոչ թե առանձին կառույցների, այլ հասարակության խնդիրն է, տեղի բնակիչներից նույնպես մեծապես կախված է կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը: «Հայաստանում կենդանիների պաշտպանության խնդիրը տարեցտարի նվազում է, և դա ողջունելի է: Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ավելացել է թռչունների քանակը` ձկնկուլ, տառեխ և այլն»,- ասաց նա` ընդգծելով, որ կենդանիների պահպանության ուղղությամբ քայլերը արվել են, արվում են և կշարունակվեն, քանի որ ոչնչացման եզրին գտնվող կենդանիներ միշտ էլ եղել են և կլինեն:





