AM
4 Հոկտեմբեր 2012 - 13:18 AMT

Կենսաթոշակ ստանալու կարգը հեշտացվել է

Կենսաթոշակ ստանալու համար այլևս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ ողջ լինելու մասին։ Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Ըստ ՍԴ-ի ընդունած որոշման՝ կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլևս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաև դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակին: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաև օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը և պարտադիր չէ Հայաստանի Հանրապետություն տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր արձագանքները` Պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան ոչ միայն նորմերը հակասահմանադրական ճանաչելու, այլ նաև նորմերի կիրառման վերաբերյալ իրավական դիրքորոշում ստանալու համար: ՀՀ Սահմանադրական դատարանը տվյալ գործով հերթական անգամ ընդունել է Պաշտպանի իրավական դիրքորոշումները, որի արդյունքում հետագայում կբացառվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների ոչ իրավաչափ կիրառումը: