AM
4 Հոկտեմբեր 2012 - 13:29 AMT

Հարսնաքարը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատական նիստը։

Վարդան Սամվելյանը դատապարտվեց 4 ամիս ազատազրկման: Դատարանը որոշեց նաև, որ փոխգնդապետը պետք է վճարի 200 հազար դրամ տուգանք:

Նրա ազատազրկման ժամկետը կհաշվվի այս տարվա հուլիսի 1-ց։

Հիշեցնենք, որ Սամվելյանը հուլիսի 1-ին Հարսնաքար ռեստորանայաին համալիր էր բերել ռազմամթերք և սպառնացել էր պայթեցնել այն:

Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 17-ին, Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Սամվելյանի գործը նրա պաշտպանի միջնորդությամբ քննվել է արագացված դատաքննության կարգով, իսկ ամբաստանյալը ընդունել է իր մեղքը: Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդել է նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդել է պայմանականորեն պատիժը չկիրառել՝ նկատի ունենալով, որ նա զղջացել է :