Հոկտեմբերի 7-ն Ամենայն Հայոց Կաթողիկոտսը մասնակցել է Էջմիածնում քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստին: Այս մասին PanARMENIAN.Net- ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Կաթողիկոսը հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքներն է հղել ներկաներին. «Ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական այս քաղաքի: Դարեր շարունակ Հայոց մեծ աշխարհի տարբեր կողմերից, այնուհետ նաև ողջ աշխարհասփյուռ եզերքներից այս քաղաք են ուխտավորաբար այցելել և այցելում բազում հայորդիներ և ուխտավոր հյուրեր` խոնարհվելու մեր նվիրական սրբություններին, տեսնելու Էջմիածինը»:
Հանդիսավոր նիստից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, ծաղիկներ են դրել Արցախի հերոսամարտի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով զոհված հայորդիների հիշատակին: Նաև ներկա են գտնվել Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բացման արարողությանը:





