«Աշխարհում այսօր երբեմն կռվում են տանկերով, սակայն հիմնականում կռվում են մամուլով, հեռուստատեսությամբ և ինտերնետով, ուստի շատ վտանգավոր կլինի, եթե մենք անվերահսկելի թողնենք այդ գլխավոր ոլորտները՝ թույլ տալով, որ դրսից միջամտություն լինի մեր ժողովրդի վրա»,-հոկտեմբերի 8-ին հեռուստաեթերի հարցի քննարկմանը, որին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամներ, մտավորականներ, հեռուստաընկերությունների, Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌԱՀ-ի, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ, ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, հեռուստատեսությունը պետք է առաջ տանի որոշակի գաղափարախոսություն և փիլիսոփայություն, որն ընդունված է ամբողջ աշխարհում: Հանրային խորհուրդն առաջարկում է նաև ձևավորել հեռուստաարտադրանքի ազգային մրցանակաբաշխության ինստիտուտ և այդ նպատակով ստեղծել համապատասխան հանձնաժողով, մրցանակային ֆոնդ և այլն:
Հեռուստաեթերի որակի մշտադիտարկման և հեռուստաընկերությունների գործունեության ինքնակարգավորման խնդիրների իրականացման նպատակով Հանրային խորհուրդը 2010թ. «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան» ստորագրած հեռուստաընկերություններին առաջարկում է ստեղծել մշտադիտարկման կառույց՝ խարտիայի սկզբունքների պահպանման գործընթացի համատեղ քննարկման և վերահսկման համար՝ սկզբունքները դարձնելով հանրային քննարկման առարկա: Առաջարկվում է նաև ուսումնասիրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորություններն ընդլայնելու հարցը, ինչպես նաև հանձնաժողովին կից ձևավորել մոնիտորինգային կառույց և այդ գործառույթը մրցութային կարգով որոշակի ՀԿ-ների կամ հետազոտական կենտրոնների պատվիրել, նշված է Մանուկյանի կայքում:





