AM
9 Հոկտեմբեր 2012 - 11:48 AMT

Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Թուրքիային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ապահովել Թուրքիայի պաշտպանությունը, և նման միջոցի պլանավորումն արդեն անցկացվել է: «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ պլանները, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանենք Թուրքիային»,- հայտարարել է Ռասմուսենը լրագրողներին Բրյուսելում 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումից առաջ:

ՆԱՏՕ-ի խորհուրդը հոկտեմբերի 4-ին «Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակներում» դեսպանների մակարդակում քննարկել է սիրիական բանակի կողմից Թուրքիայի սահմանամերձ տարածքների գնդակոծությունը և վճռականորեն դատապարտել այդ միջադեպը:

Այդ հոդվածի համաձայն, դաշինքի ցանկացած անդամ կարող է խորհրդատվություն խնդրել այն դեպքում, եթե նրա տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Դաշինքը կշարունակի աջակցել Թուրքիային և պահանջում է անհապաղ դադարեցնել այդ ագրեսիվ գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեկի դեմ, ինչպես նաև կոչ է անում սիրիական իշխանություններին վերջ դնել միջազգային իրավունքի խախտումներին»,- ասվում է ՆԱՏՕ-ի խորհրդի հայտարարությունում: