AM
10 Հոկտեմբեր 2012 - 10:22 AMT

Հոգեբան. Սպանությունների և ինքնասպանությունների ակտիվ լուսաբանումը վնասում է մարդկանց

1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Ամեն տարի հոգեբաններն անդրադառնում են խնդիրներից մեկին: Այս տարի՝ դեպրեսիային:

Այսօր ասուլիսի ժամանակ «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Մելինե Թովմասյանն ասաց. «Ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում: Նրանցից 350 միլիոնը տառապում է դեպրեսիայից, որը 2030թ. կլինի ամենատարածված խանգարումը: Արդեն հիմա հարցումները ցույց են տալիս, որ ամեն 20 մարդուց 1-ը տարվա ընթացքում դեպրեսիա է ունենում»:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, նշեց, որ ինչպես մյուս բոլոր դեպքերում, հոգեբանական խնդիրների համար էլ բուժման լավագույն միջոցը վաղ ախտորոշումն է:

«Ազգերի հոգեբանական առողջությունը չափելու համար հաշվի է առնվում նաև սպանությունների և ինքնասպանությունների թիվը: Հոգեկան առողջությունն ազգային անվտանգության խնդիր է, իսկ այնպես , ինչպես լրատվամիջոցները լուսաբանում այդ դեպքերը, վնասում է մարդկանց», -ասաց Խաչատուր Գասպարյանը:

«Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը նշեց, որ 1988թ և հաջորդող տարիների դեպքերը ցույց տվեցին, որ հայերը ևս հոգեբանի կարիք ունեն, բայց երկրում միայն հոգեբուժական ծառայություններ էին մատուցվում:

«Հոգեբանական ծառայությունների համակարգ չկար, այսօր կա, չնայած օրենք չունենք, բայց հոգեբանին դիմելու մշակույթ չի ձևավորվել», – ասաց Սեդրակ Սեդրակյանը: