ԱՄՆ-ը տվյալներ ունի այն մասին, որ Պարսից ծոցի շրջանում խոշորագույն նավթագազային ընկերությունների տեղեկատվական համակարգերի վրա վերջին համակարգչային հարձակումներն իրականացրել են իրանցի հաքերները, որոնք կապված են ԻԻՀ կառավարության հետ:
Ինչպես հաղորդել է ազգային անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան վարչության նախկին աշխատակիցը, կիբերհարձակումները ձեռնարկվել են Իրանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցները խստացնելու դեմ: Նրա խոսքով, դրանք եղել են մասնավոր և պետական բիզնեսի համակարգչային համակարգի վրա ամենալուրջ հարձակումները:
Պենտագոնի ղեկավարը, ով խոսել է կիբերանվտանգության խնդրի մասին, հիշեցրել է, որ «Արամկո» խոշորագույն սաուդյան պետական ընկերության և «Ռասգես» քաթարական ընկերության դեմ կիբերհարձակումներում օգտագործվել է «Շամուն» վիրուսը, որը ոչնչացրել է ֆայլերն ավելի քան 30 հազար համակարգիչներից: Օգոստոսի վերջին հարձակման համար պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Արդարադատության սուր» խմբավորումը, բայց փորձագետներն իսկույն կասկածել են, որ նրա հետևում կանգնած են հզոր պետական կառույցներ:
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հաղորդել է, որ ԱՄՆ-ը մշակել է ծրագրեր, որոնց օգնությամբ կարող են անսխալ գտնել հաքերներին և նրանց դեմ կկիրառվեն «որոշիչ միջոցներ»: Նա հավելել է, որ գերատեսչությունն ամեն տարի կիբերանվտանգության խնդրի լուծման վրա ծախսում է 3 մլրդ դոլար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





