«Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման առաջնորդ Մուհամեդ Բադին սրբազան պատերազմի՝ ջիհադի, կոչ է արել Երուսաղեմի ու «Ալ Աքսա» մզկիթի համար:
«Երուսաղեմը իսլամական սրբություն է, և ոչ ոք իրավունք չունի զիջումների գնալ Սուրբ քաղաքի հարցում»,-հայտարարել է շեյխ Բադին:
Իսլամիստական շարժման առաջնորդը վստահ է, որ միայն ջիհադի ճանապարհով մահմեդականներին կհաջողվի վերադարձնել իրենց սրբությունները, քանի որ «Իսրայելը միայն ուժային մեթոդներն է հասկանում», հայտնում է «Ալ Արաբիան»: Նրա հետ համամիտ է Եգիպտոսում հայտնի մեկ այլ հոգևոր առաջնորդ շեյխ Սաֆվատ Հագազին: «Մեր մայրաքաղաքը պետք է լինի ոչ թե Կահիրեն, Մեքքան կամ Մեդինան, այլ, Աստծո կամոք, պետք է լինի Երուսաղեմը: Կամ մենք կաղոթենք Երուսաղեմում, կամ կնահատակվենք»,-ասել է Հագազին:





