AM
12 Հոկտեմբեր 2012 - 13:58 AMT

Վաղը աղետների նվազեցման միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Պան Գի Մունը ուղերձ է հղել աղետների նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այս տարի աղետների նվազեցման միջազգային օրվա հիշատակումն ուղղված է կանանց և աղջիկների՝ ռիսկի նվազեցման և բնական վտանգներին աշխարհի արձագանքման առաջամարտիկ լինելուանհրաժեշտությունն ընդգծելուն: Ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները օգտագործում են ընտանիքներում և համայնքներում իրենց դերը՝ խթանելու ռիսկի նվազեցումը:

Բանգլադեշում կանայք ինքնակազմակերպվեցին՝ նախապատրաստվելու և արձագանքելու ջրհեղեղներին՝ այլ կանանց սովորեցնելով, թե ինչպես կառուցել շարժական կավե վառարաններ և վերերկրյա տներ:

Հարավային Աֆրիկայում ընդլայնվել են մեկուսացած դեռահաս աղջիկների իրավունքներն ու հնարավորությունները՝ օգնելու երաշտի և խիստ փոթորիկների ազդեցության նվազեցման պլանների նախագծմանը:

Բոլիվիական Ալտիպլանոյում բնիկ կանայք ձեռք են բերել ավանդական գյուղատնտեսական և կլիմայական գիտելիքներ, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել է բերքի կորուստը կարկուտի, ցրտահարության և հեղեղումների հետևանքով:

Վիետնամում գյուղաբնակներին ծանոթացրել են աղետների նվազեցման խնդիրներին՝ հատուկ ռադիոսերիալների միջոցով, որոնք ներառում են օրինակներ իրական կյանքից և տեղաբնակ կանանց պատմությունները:

Իսկ Ճապոնիայի Տոհոկո շրջանում ցունամիից և երկրաշարժից հետո կանայք կենտրոնական դեր խաղացին եկամտային հնարավորությունների վերականգնման գործում, և ուշադրության առանցքում միայնակ մայրերն էին:

Այսօրինակ ջանքերն ավելի հասկանալի են դարձնում, թե համայնքներն ինչ օգուտ կարող են քաղել՝ խրախուսելով, որ կանայք առաջատար դեր ստանձնեն աղետների ռիսկի նվազեցման գործում, և դրանք ավելի մեծ արժեք ձեռք կբերեն, քանի որ կլիմայի փոփոխությունն ահագնանում է, և աշխարհը պայքարում է ծայրահեղ վատ եղանակային պայմանների և աղետների դեմ, որոնք ազդում են տարեկան միջինը 200 միլիոն մարդու վրա:

Աղետների նվազեցման միջազգային այս օրը եկեք գիտակցենք, որ, ինչպես այս տարվա թեման է հռչակում, կանայք և աղջիկները «Դիմակայունության անտեսանելի ուժն են»: