AM
15 Հոկտեմբեր 2012 - 14:24 AMT

Ֆինանսական ծանր պայմանները գրողին ստիպում են հիվանդությունը կաղամբով ու սոխով բուժել

«Հանճար չեմ, չեմ էլ փորձում լինել կամ ձևանալ»,- իրեն ու իր ստեղծած գրականությունն է ներկայացնում: Բայց հանճարների կյանքի պես իրենն էլ հեշտ չի եղել: 48 տարեկան է: Մանկությունն է միայն երջանիկ անցել, հետո երկարատև սև փուլ է սկսվել: Աշխատել է ամենածանր պայմաններում, ամուսնացել քանդակագործի հետ, հետո պարզել , որ ստեղծագործող զույգերի մասին ասվածը անհիմն չէ. անհատականնությունները բախվում են: Խորացող հիվանդությունն ու մահվան վախն ուղեկցվում էին անտեսված լինելու զգացումով ու իրավիճակն ավելի անկայուն դարձնում: Արդյունքում ամուսնալուծվեցին: Երկու երեխաներից մեկը մնաց հոր, մյուսը իր մոտ:

«Իրական վթարված մարդ էի, բայց հիմա երեխաներս կողքիս են: Այն ժամանակից հիվանդությունս է միայն, որ կրկնվում է»:

Դեռ 1995 թ-ին վիրահատվել է: Հիմա բժշկի չի դիմում. վախենում է որոշակիացնել ժամանակը, որ մնացել է: Ասում է մահվան պատրաստ է, բայց ավելի՝ ապրելուն:

«Կիսատ ոչինչ չեմ թողել, միայն գրքեր, բայց ինձնով գրականությունը շատ բան չի կորցնի»,- ժպտալով, բայց խոնավ աչքերով շարունակում է խոսել. «Կաղամբը, սոխը օգնում են, թեթևացնում են վիճակս…»:

Բուժվելու ու պայքարելու համար միջոցներ են հարկավոր, որոնք չունի և վաստակել չի կարողանում:

«Ինձ նման մարդը չի կարող կայուն աշխատանք գտնել: Ծանր կաթսան վերցնում եմ, քիչ է մնում ուշաթափվեմ, մաքրություն անելիս հաճախ դուրս ու ներս եմ անում, վիճակս ավելի է վատանում: Գիրքերս վաճառելով եմ հացի ու դեղի փող վաստակում: Իսկ դրանք հրատարակվել են պետպատվերով և աջակցությամբ՝ ամերիկահայ գրող Սոնա Վանի, սրբազան արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի, «Աղբյուր» հանդեսի, Գրողների միության:

Փորձում է հաշմանդամության 2-րդ կարգ ստանալ. դեռևս անհաջող: Իր խոսքով՝ վիրահատությունից հետո չստացավ, որովհետև ամուսինը վիրահատության գումարն ամբողջությամբ չվճարեց:

«Հիմա ստանալու համար պիտի նորից հիվանդանոցում պառկեմ, բայց միջոց չունեմ», – ասում է ու ցույց տալիս բակում, քարին ու փայտին անհաղորդ փռված իր կատուներին,-«Սոված են, երկար ժամանակ է չեմ կարողանում կերակրել»:

Հիմա աշակերտների հետ է աշխատում, օգնում օրվա դասերը պատրաստել: Շտապում ենք զրույցն ավարտել, որ ժամանակին նրանց մոտ հասնի: