AM
22 Հոկտեմբեր 2012 - 06:16 AMT

Աջակցություն Կողբ գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին և գյուղի գրադարանին

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ, Տավուշի մարզի գործարարների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը և Հայաստանի գրողների միության նախագահ, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման խորհրդի անդամ Լևոն Անանյանը երեկ այցելել են Տավուշի մարզի ՍՕՍ մանկական գյուղ և Կողբ գյուղի դպրոցներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՏՄՄՀՄ մամլո գրասենյակից:

Մանկատանը և դպրոցներում Սերգեյ Բարսեղյանը և Լևոն Անանյանը հանդիպեցին կառույցների ղեկավարների և երեխաների հետ, ծանոթացան խնդիրներին: Հայրենակցական միության ղեկավարները միաժամանակ կազմակերպել էին բարեգործական ակցիա վերոնշյալ կառույցների երեխաների, Կողբ գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղի գրադարանի համար:

Բարեգործական ակցիային մասնակցել են նաև Ամքոր կազմակերպությունը և Հայաստանի ազգային գրադարանը: Հավելենք, որ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ևս հայրենակցական միավորման խորհրդի անդամ է: