AM
25 Հոկտեմբեր 2012 - 12:11 AMT

Բժեզինսկի. ԱՄՆ ռազմական միջամտությունը Մերձավոր Արևելքում քաոսի կհանգեցնի միջազգային հարաբերություններում

ԱՄՆ ռազմական միջամտությունը Սիրիայում կամ Իրանում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի աշխարհաքաղաքական պայթյունի Մերձավոր և Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում, որի հետևանքներն իր վրա կզգա ողջ աշխարհը: Նման կարծիք է հայտնել ամերիկյան քաղաքագետ, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Զբիգնև Բժեզինսկին, ում հոդվածը հոկտեմբերի 25-ին հրապարակել է Լոնդոնի «Ֆայնեշնլ թամյս» թերթը:

«Ժողովրդավարությունը Սիրիա և Իրան արտահանելու ԱՄՆ փորձերը վտանգավոր երազանքներ են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անգլիայի և Ֆրանսիայի կողմից հաստատված մերձարևելյան պետությունների սահմանները կայունությամբ աչքի չեն ընկնում: Նույնիսկ տարածաշրջանի առավել կայուն երկրները` Թուրքիան և Իրանը, խոցելի են ներքին էթնիկական և կրոնական հակամարտությունների առաջ»,- ասել է Բժեզինսկին:

Նրա կարծիքով, ԱՄՆ ռազմական միջամտությունը տարածաշրջանում տվյալ պայմաններում աշխարհի այդ մասում կհանգեցնի պայթյունի: