«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախատեսում է վաղը` ժամը 13:00-ին բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ այդ պահին ընթանալու է ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:
Նախաձեռնությունը կոչ է անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին մասնակցել բողոքի ցույցին:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:





