«168 ժամ»-ն իր այսօրվա համարում գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների լրացրած հայտարարագրերի համաձայն, այս տարվա մարտի 3-ի դրությամբ (խորհրդարանական ընտրությունների նախաշեմին) նրանց բոլորի դրամական միջոցները միասին վերցրած կազմել են 15.2 միլիարդ դրամ, 70 միլիոն դոլար և 23.7 միլիոն եվրո: Դոլարային արտահայտությամբ` ավելի քան 138 միլիոն դոլար:
«Այսինքն` յուրաքանչյուր պատգամավորի միջին կարողությունը 1 միլիոն դոլարից քիչ ավելի է: Սա, իհարկե, ծիծաղելի թիվ է, քանի որ պատգամավորների մի մասի իրական կարողությունից մի քանի տասնյակ, եթե ոչ` հարյուր անգամ փոքր թիվ է: Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ իշխող կուսակցության 12 պատգամավոր ընդհանրապես դրամական միջոցներ չի հայտարարագրել (օրինակ, Կարեն Ավագյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը և այլոք): Ոմանք էլ, պարզվում է, նախորդ մեկ տարում ապրել են միայն պատգամավորական աշխատավարձով, սակայն վարում են «Պորշ Կայեն», «Համմեր» կամ նվազագույնը` G դասի Մերսեդես»,- շարունակում է «168 ժամը»-ի հոդվածագիրը և արձանագրում. «Հայաստանի Ազգային ժողովն, օրենսդիր մարմին լինելուց բացի կամ դրանից առաջ, միլիոնատերերի ակումբ է, որն, օրինակ, այս տարի կողմ քվեարկեց նվազագույն աշխատավարձը ամբողջ 2500 դրամով ավելացնելու նախագծին»:





