Գիտության ֆինանսավորումը պետյուջեից պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը, հակառակ դեպքում գիտությունը նահանջ կապրի: Նոյեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: «Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը Հայաստանում 4 անգամ պակաս է, իսկ դա նշանակում է, որ սկզբունքորեն չի կարելի գիտության զարգացում ակնկալել երկրում»,-ասաց նա:
Պետբյուջեի նախագծով 2013թ. գիտության ֆինանսավորման համար կհատկացվի 11 մլրդ 241 մլն դրամ:
Արթուր Իշխանյանը հիշեցրել է նաև, որ գիտության ոլորտը Հայաստանում գերակա ճյուղ է հայտարարված, և դա շատ կարևոր է, քանի որ երկարաժամկետ հեռանկարում առանց գիտության զարգացման երկիրը չի կարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք կծառանան 20-30 տարի հետո: Նա բերեց Հարավային Կորեայի օրինակը, որի բնակչությունը մեծ է, իսկ ռեսուրսները 10 անգամ պակաս, քան Հայաստանում, սակայն դեռ 60-ականներին այդ երկիրը շեշտը դրեց գիտության վրա և այժմ աշխարհի առաջատար երկրների տասնյակում է: «Մենք ամեն ինչ փորձեցինք՝ ժողովրդավարական սկզբունքների ներդնում, մեր ընդերքի անխնա շահագործում, սակայն, հասկանում ենք, որ հույսներս պետք է դնենք միայն գիտության վրա»,-ասել է նա:
Գիտության ֆինանսավորման համար գիտնականն առաջարկում է որոշակի հատկացումներ անել մյուս ոլորտների հաշվին, այդ թվում պաշտպանության, չնայած, որ դա ամենակարևոր ուղղությունն է Հայաստանի համար նրա աշխարհաքաղաքական դիրքի պայմաններում:





