ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ այսօր ամփոփեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանձնաժողովը քննարկեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը համաձայն ՄԻՊ կողմից ներկայացված հայտի (188.375.9 հազար դրամ) նախատեսելու հարցը:
Ինչպես տեղեկացրեց Էլինար Վարդանյանը, 11.817.3 հազար դրամով պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման ավելացման առաջարկը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի՝ օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացմամբ եւ ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստոցնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին առաջարկին:





