AM
9 Նոյեմբեր 2012 - 09:54 AMT

Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ կանցկացվի բացօթյա ֆլեշ-մոբ

Երիտասարդական ակումբների դաշնությունը 13 տարեկան է: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում նշեց դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, դաշնությունը միավորում է ավելի քան 90 երիտասարդական ակուբմներ, կենտրոններ ու կազմակերպություններ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից` դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը: «Դաշնությունը լայն գործունեություն է ծավալում` ուղղված երիտասարդական ակտիվության, հասարակական գործունեության ակտիվության խրախուսմանը: Դրա վկայությունն է նոյեմբերի 8-12-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից անցկացվող «Ուսուցողական դասընթացը երիտասարդական ակումբների ղեկավարների համար»,- ասաց նա:

Մխիթարյանի խոսքով` ծրագրի իրականացումը թելադրված է Հայաստանի մարզերում գործող երիտասարդական ակումբների կողմից` պայմանավորված դրանց ղեկավարների մոտ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության սակավությամբ, անհրաժեշտ հմտությունների ու գիտելիքների բացակայությամբ: «Ծրագիրը հնարավորություն է ընձեռելու փորձի փոխանակման միջոցով, համատեղ ուժերով վեր հանել մարզային երիտասարդությանը հուզող հիմնահարցերը, մշակել ուղեցույց երիտասարդական ակումբի առաջնորդի համար, որը նա կարող է օգտագործել իր ամենօրյա աշխատանքում: Դասընթացի կազմակերպման համար ընտրված են աշխատանքի ոչ ֆորմալ մեթոդներ. խմբային քննարկումներ ու ներկայացումներ, «բաց տարածություն», դասախոսություններ, աշխատանքային սեմինարներ, քննարկում-բանավեճեր, հանդիպումներ ոլորտի պատասխանատուների և փորձագետների հետ»,- նշեց նա:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահը հավելեց, որ նոյեմբերի 10-ին` Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով դաշնությունը ծրագրում է համատեղ բացօթյա երիտասարդական ակցիա-ֆլեշ-մոբ: