AM
9 Նոյեմբեր 2012 - 10:11 AMT

Այսօր բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային ավագ դպրոցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը:

Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաև կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները: Այստեղ կներդրվի նաև կրեդիտային համակարգ:

Հանրապետությունում մի շարք ավագ դպրոցներ հանձնվել են տարբեր բուհերի և դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ:

Այնուհետեև, Տիգրան Սարգսյանը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանները պետք է հանդիսանան ժամանակակից հասարակության հիմքը և վերջինս պետք է հիմնված լինի գիտության, գիտելիքի վրա: «Համալսարանները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի համալսարանների շուրջ ձևավորվեն ենթակառուցվածքներ: Այդ տեսակետից, մեծ խորհուրդ կա այն բանում, որ բուհի 90-ամյակի հանդիսությունը սկսեցինք ավագ դպրոցի վերանորոգված շենքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծվում դպրոցի և համալսարանի միջև, և այդ դրական փորձը պետք է տարածենք նաև այլ պետական համալսարաններում, ինչը լավ ուղեցույց է կրթական համակարգի արդիականացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից և պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին: