AM
14 Նոյեմբեր 2012 - 08:57 AMT

Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից:

ԱԱԽ-ից հայտնում են, որ Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ»: Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե կարճաժամկետ և թե երկարաժամկետ հեռանկարում: Նար տեղեկացմամբ՝ Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է. «Երկու տարվա աշխատանքի արդյունքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, որը մինչև այս տարվա ավարտը կքքնարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում:

Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարևորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաև Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Փաստաթուղթը, որի մեջ ներառված են շուրջ 120 առաջարկություններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարևոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այլ նաև մեր Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով»:

Միջգերատեսչական աշխատանքային խումբը հավանություն տվեց Էներգետիկ անվտանգության հայեցակարգին և որոշում ընդունեց այն ներկայացնել Անվտանգության խորհրդի հաստատման: