AM
14 Նոյեմբեր 2012 - 10:37 AMT

Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն է եկել 2 տարով

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից 2014-ի տեղական ընտրություններից հետո: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ:«Ես պատրաստվում եմ հեռանալ քաղաքականությունից 2014-ի գարնանը տեղական ընտրություններից հետո: Բայց ես պարտված չեմ գնա: Ես ինձանից հետո կթողնեմ շատ լավ կառավարություն, իսկ ինքս կհեռանամ քաղաքացիական հատված և կհսկեմ այդ կառավարությունը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Մենք պետք է սովորեցնենք մեզ նրան, որ իշխանությունը չպետք է մեկ մարդու վրա հիմնվի: Հասարակությունը պետք է զարգանա, և դա իմ ամենամեծ երազանքն է»,- ասել է նա:

Վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանը մասնակցել են նաև սփյուռքի հարցերով պետնախարար Կոտե Սուրգուլաձեն, ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն և եվրոպական ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: