AM
15 Նոյեմբեր 2012 - 09:54 AMT

Գյումրիում միայնակ շատ մայրերի երեխաներ թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրիում ծայրահեղ աղքատ ու անօգնական ընտանիքներին և երեխաներին: Այդպիսի մի ընտանիքի հասարակական կազմակերպության աշխատակիցները այցելել են անցած օրը:

«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ: Նրանց օրինակով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են բնակվում աղքատ ընտանիքները, ովքեր ու ինչպես են խորացնում աղքատությունը Գյումրիում` հոգեբանական ու առողջական խորը և անբուժելի վերքեր հասցնելով հատկապես այդ ընտանիքների երեխաներին:

Այս ընտանիքին անհեթեթ պատճառաբանություններով վաղուց զրկել են սոցիալական նպաստից, իսկ երկու տարի առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները 30 000 դրամ պարտքի պատճառով անջատել են նրանց բնակարանի գազը, ավելին` գազահաշվիչը հանել և տարել են: Այս ընտանիքի միակ ապրուստի միջոցը երեք ամիսը մեկ 16 000 դրամ սոցիալական աջակցությունն է և տատիկի փոքրիկ աշխատավարձը: Երեխաների մոր` Գոհարիկի պատմելով, թերսնվածության պատճառով երեխաները մշտապես հիվանդ են, իսկ 6-ամյա տղան ոսկրային հիվանդություն է ձեռք բերել, սակայն բուժման համար միջոցներ չունեն: