AM
16 Նոյեմբեր 2012 - 08:21 AMT

Հրաչյա Հակոբջանյան.Ուսանողությունն այսօր չի բարձրաձայնում կրթության որակի հետ կապված խնդիրների մասին

Ուսանողությունն այսօր չի բարձրաձայնում կրթության որակի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կիոնոյի և թատրոնի պետական իսնստիտուտի ուսմնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Հակոբջանյանը: «Առհասարակ, կրթության որակն այսօր ուսանողության ամենամեծ խնդիրներից մեկն է, բայց փաստն այն է, որ ուսանողները հետևողական չեն այդ խնդրի լուծումը պահանջելու հարցում: Ստացվում է, որ նրանք վճարում են ուսման դիմաց, բայց շահագրգռված չեն ստանալու որակյալ կրթություն: Ուսանողների մյուս խնդիրները կապված են սոցիալական հարցերի հետ, շատերի համար ուսման վարձը վճարելը մեծ դժվարություն է: Մարզաբնակ ուսանողների համար Երևանում առաջանանում է բնակության վայրի խնդիր: Նրանց խնդիրներից կուզենայի նշել նաև պրակտիկայի և կարիերայի հետ կապված հարցերը, հատկապես ավարտական կուրսերի ուսանողները սկսում են մտահոգվել այդ ուղղությամբ, և բուհերը դեռևս բավականաչափ նախադրյալներ չեն ստեղծում, որպեսզի ուսանողական պրակտիկան հետագայում օգնի նրանց աշխատանք գտնել»,-նշեց նա:

ԵՊՀ ուսանողների և հասարակայնության հետ գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը իր հերթին ընդգծեց, որ ուսանողների խնդիրներն իսկապես շատ են և դրանց մի մասը կապված է կրթության կազմակերպման թերությունների հետ.«Այդ ֆունկցիան գլխավորապես ծանրացած է դասախոսի ուսերին, մինչդեռ պետք է լինի հակառակը, քանի որ հենց ուսանողն է վճարում գիտելիքի դիմաց և կարող է թելադրել կրթության կազմակերպման ընթացքը: Վերջին տասնամյակում կրթության համակարգի լավագույն նվաճումներից մեկը ուսանողական խորհուրդներն են, թեև դրանք դեռևս բոլոր բուհերում չէ, որ լիարժեք են գործում»,-ասաց նա՝ հավելելով, որ ուսխորհուրդների ակտիվ գործունեությունը ուղղակիորեն նպաստում է ուսումնական գործընթացի որակյալ կազմակերպմանը: