AM
16 Նոյեմբեր 2012 - 09:41 AMT

Սեյրան Օհանյան. Անհնար է որևէ միջադեպ թաքցնելը և մենք այդպիսի միտք էլ չունենք

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի և Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը: Ազատամարտիների ծնողներին նախարարը երախտիքի ու սփոփանքի խոսքեր ասաց, նշելով, որ նրանց որդիների կյաքնի գնով ձեռք բերածը պաշտպանելիս զրկված ենք սխալվելու իրավունքից:

Արարողությունից հետո նախարարը հանդիպեց ուսանողներին, շնորհավորեց նրանց միջազգային օրվա առիթով:

«Եթե մեր պետությունը ստիպված լինի ևս մեկ անգամ ուժ կիրառել, ես վստահ եմ, որ դուք իմ սերնդից ավելի ուժեղ ու խելացի կլինեք: Խելացի ստորաբաժանումների գործողություններն ավելի արդյունավետ են լինում, իսկ բանակ զորակոչված ԵՊՀ ուսանողները միշտ էլ աչքի են ընկնում խելքով», – ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարն ուսանողներին պատմեց բանակում ընթացող բարեփոխումների, ՀԱՊԿ և հրամանատարաշտաբային զորավարժությունների, հրամանատարական կազմի ուսուցման նպատակով 2013-ին բացվող նոր ռազմական ակադեմիայի մասին:

Ուսանողները նախարարին հարցեր ուղղեցին բանակում տեղի ունեցող բոլոր միջադեպերի հրապարակման նպատակահարմարությունից մինչև զինվորական համազգեստի վրա արյան կարգի ձևական նշման մասին:

«Մենք փոքր պետություն ենք: Անհնար է որևէ դեպք թաքցնելը և մենք այդպիսի միտք էլ չունենք: Ուղղակի պետք չէ ամեն ինչ ուռճացնել: Բանակի, զորամասի հրամանատարությունից շատ ոչ ոք շահագրգռված չէ, որ այդ միջադեպերը չլինեն, բայց ծնողների տված դաստիարակությունից էլ է շատ բան կախված», – ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ին իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գիրքը նվիրեց, համալսարանի մի քանի ուսանողների պարգևատրեց Պաշտպանության նախարարության պատվոգրերով: