Ընդառաջելով Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերի բնակիչների դիմումներին` քաղաքաշինության նախարարի նոյեմբերի 16-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արագ արձագանքելու է նշյալ թաղամասերի բնակիչների բողոքներին և առաջարկություններին, վերահսկելու է դրանց հետ կապված աշխատանքների ընթացքը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերի շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում և կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագրային պարտավորությունների համաձայն իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց «Մուշ-2» թաղամասում:
Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը` համաձայն հրամանի, պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության նախարարին:





