«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը վաղը` նոյեմբերի 17-ին, նախատեսում է Երևանում անցկացնել «Ազատության քայլերթ» խորագրով երթ, որը կմեկնարկի ժ. 16:00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մոտից :Քայլերթի երթուղին է` Տերյան-Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Տերյան:
Կազմակերպիչները հիշեցնում են, որ իրենց նախաձեռնության ստեղծման հռչակագրի համաձայն` իրենք միավորվել են Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության գաղափարի, դրանից բխող` Հայաստանն առանց քաղբանտարկյալների գաղափարի շուրջ:
«Նախաձեռնողները խստորեն դատապարտում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես` քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն արտահայտելու և մարդու այլ հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:





