AM
17 Նոյեմբեր 2012 - 08:40 AMT

Կրթությունն Ուրուգվայում «աշխարհիկ է, անվճար և պարտադիր». Խորխե Օրիկոն հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

«Երբեք մի դավաճանեք ձեր ներսում եղած երեխային»,- այսօր ԵՊՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ուսանողներին կոչ արեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն: Ողջունելով հյուրերին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձր գնահատեց այն աջակցությունը և ջերմ վերաբերմունքը, որ Ուրուգվայը ցույց է տալիս Հայաստանին: «Մենք միշտ հիշում և գնահատում ենք այն փաստը, որ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ուղի հարթելով Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Մենք լիահույս ենք, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման տեսական «այո»-ն մի օր կդառնա գործնական: Սա մի մեծ քայլ կլինի դեպի անկախության միջազգային ճանաչում, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, որ ցանկացած ազգ ունի ինքնորոշման իրավունք»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը համոզմունք հայտնեց, որ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը ևս մեկ քայլ կլինի հարաբերությունների զարգացման համար: Խորխե Օրիկոն ԵՊՀ ուսանողներին և դասախոսներին ներկայացրեց իր երկիրը: Նա ընդգծեց, որ Ուրուգվայը լիարժեք ժողովրդավարության երկիր է: «Մոնտեվիդեոյում հաճախ կարելի է տեսնել երկրի նախագահին սրճարանում ճաշելիս կամ զբոսնելիս՝ առանց թիկնապահների: Մեր պաշտոնյաները ժողովրդի կողքին են և ոչ ոքի դա չի զարմացնում: Սա ենք մենք համարում լիարժեք ժողովրդավարություն»,- ասաց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Քանի որ հանդիպումը ԵՊՀ-ում էր, Խորխե Օրիկոն հատուկ ներկայացրեց իրենց երկրի կրթական համակարգը և ընդգծեց, որ կրթությունն Ուրուգվայում «աշխարհիկ է, անվճար և պարտադիր»: