Հայաստանը դեմ է ռուսական «Հայրենակիցներ» ծրագրին և արդեն տեղյակ է պահել իր ռուս գործընկերներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպմանը: ՀՀ բնակչության մտահոգությունն է առաջացնում այն հանգամանքը, որ այդ ծրագրով շատ քաղաքացիներ հեռանում են երկրից, սրվում է ժողովրդագրական խնդիրը:
«Միջկառավարական հանձնաժողովի արձանագրության մեջ ասված է, որ «Հայրենակիցներ» ծրագիրը շատ ուժեղ է հարվածում մեր երկրին, որ ժողովրդագրական խնդիրները շատ սուր են Հայաստանում, և բնակչության կազմակերպված արտահոսքը, հատկապես սահմանամերձ շրջաններից, հակասում է Հայաստանի կենսական շահերին»,-ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական և գործընկերային հարաբերությունները վկայում են այն մասին, որ «մեր գործընկերները չպետք է այնպիսի գործողություններ իրականացնեն, որոնք հարվածում են Հայաստանի կենսական շահերին», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





