Հրազդան ՔԿՀ դատապարտյալ Հայկ Գալստյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Դատապարտյալը պնդում է, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով:
«Իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ ինձ «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով՝ միաժամանակ հայտարարել էի հացադուլ և կարել աչքերս: Դրանից հետո ինձ այցելեց Արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել նախագահի հրահանգը: Սակայն ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեց: Ավելին, նոյեմբերի 20-ին ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված, նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջման այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման»,-պատմում է դատապարտյալը և հայտնում, որ հայտարարել է անժամկետ հացադուլ և դիմում է Արդարադատության նախարարին. «Իմ պահանջը ձեզ տեսնելն է: Եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը՝ ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալ է ձեզ: Վճռական եմ շարունակել հացադուլս մինչև վերջ՝ անկախ հետևանքներից»:





