Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջիկայում իմպիչմենտ չի սպառնում: Այդ հարցը չի բարձրացվի, հավաստիացրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որի խոսքն է մեջբերում GHN-ն: «Մենք մեր ընդդիմախոսներին կվերաբերվենք այնպես, ինչպես արժանի է այս երկիրը, այլ ոչ ինչին արժանի են նրանք: Քաղաքականապես և իմ կուսակցության, և իմ կողմից իմպիչմենտ չի լինի»,-ասել է վարչապետը:
Իրավական գործընթացներ են գնում, թող ոչ ոք չզարմանա: Սակայն քաղաքականապես այդ հարցը չի դրվի, քանի որ մենք պետք է հարգենք մեր մշակույթն ու դրսևորենք մեզ որպես ժողովրդավարներ»,-ասել է Իվանիշվիլին: Միևնույն ժամանակ, նա հասկացրել է, որ ցանկանում է արագացնել Սահմանադրության այն փոփոխությունների ընդունումը, որոնք սահմանափակում են նախագահի լիազորությունները:
«Կարծում եմ, տրամաբանական կլիներ, եթե նախագահը ևս հոկտեմբերյան ընտրություններից հետո ենթարկվեր նոր Սահմանադրությանը: Սա շփոթություն է առաջացնում: Ոչ մի երկրում նման բան չկա»: «Մենք կարող ենք չդիմել իմպիչմենտի, բայց կարող ենք այնպես անել, որ նախագահի իրավունքները զգալիորեն կրճատվեն:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2013թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններից հետո, որին Սահակաշվիլին չի կարող մասնակցել:
Ռուսաստանում միլիրադներ դիզած Իվանիշվիլին խոստացել էր համագործակցել նախագահի հետ: Սակայն, շուտով նոր կառավարությունը հայտարարեց նախագահի ծախսերը կրճատելու մտադրության մասին, սկսվեցին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները:
Իվանիշվիլին, որը խոստացել էր շարունակել Վրաստանի մերձեցումը ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ, հայտնեց, որ հետաձգում է նոյեմբերի վերջին ԱՄՆ կատարելիք այցը, որը կկայանա գալիք տարվանից ոչ շուտ: Փոխարենը նա Վաշինգտոն կուղարկի ԱԳ նախարարին:
Նոր վարչապետը բացատրեց դա նրանով, որ իր քառօրյա բացակայությունը Բրյուսել այցելության պատճառով բացասաբար անդրադարձավ կառավարության աշխատանքի վրա:
Վարչապետն ասել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները նախկինի պես խզված են, իսկ Վրաստանից անջատված շրջաններում ամրապնդվել են ռուսական զորքերը, իսկ ինքը կցանկանար շփվել Կրեմլի ներկայացուցիչների հետ չեզոք տարածքում:
«Իմ այցը Ռուսաստան անհնար է, քանի որ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում կան ՌԴ դեսպանատաներ…Սակայն, կարող են հանդիպումներ լինել Եվրոպայում կամ այլուր, թեև խոսելն այդ մասին դեռ վաղ է»,-ասել է Իվանիշվիլին:





