Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է կրկին հավակնել նախագահի պաշտոնին: «Ես մի առիթով արդեն ասել եմ. երբեք չի կարելի ինչ-որ բանից հրաժարվել»,- նշել է նա: Լրագրողների հետ զրույցում ՌԴ վարչապետը նշել է, որ այժմ իրեն դուր է գալիս իր ներկա դրությունը: «Ես հազիվ թե վարչապետ դառնայի այլ նախագահի օրոք: Ես դա ընդհանրապես չեմ պատկերացնում»,- հայտարարել է Մեդվեդևը AFP գործակալության և Le Figaro թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սակայն, Մեդվեդևը չի բացառում երկիրը կրկին գլխավորելու հնարավորությունը: «Եթե ես դրա համար ունենամ բավարար ուժ և առողջություն և եթե մեր մարդիկ ապագայում ինձ վստահեն նման աշխատանք, ես, իհարկե, չեմ բացառում իրադարձությունների նման շրջադարձը»,- ասել է նա:





