Երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը, որը գտնվում է Կողբացի 42 հասցեում, վերջին օրերին հայտնվել է ջրի մեջ: Պալյանների հարևանուհին՝ տիկին Արփենիկը, ով դեռ նախորդ շաբաթ դիմել է համատիրությանը և, իր խոսքով, անգամ Արտակարգ իրավիճակների նախարարություն է զանգահարել, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց, որ Պալյանների տուն լցվող ջրի մասին իմացել են, երբ ջուրը հասել է նկարիչ Վան Խաչատուրի արհեսանոց, որը գտնվում է Պալյանների տան ներքևի հարկում:
Տանը, իսկապես, վիճակն անմխիթար է, առաստաղն ու պատերը խոնավությունից բորբոսնել են, որոշ տեղերում վնասվել է մանրահատակը:
Կենտրոնի թաղապետարանի թեժ գծի աշխատակիցները PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ ահազանգ ստացել են և եղել են Պալյանների շենքում: Սակայն հարցին, թե այդ դեպքում ինչու է ջուրը շարունակում հոսել, թեժ գծի աշխատակցուհին հավելեց, որ նման հարցերի չի պատասխանում:
Այս զանգից րոպեներ անց թաղապետարանի աշխատակիցները հայտնվեցին դեպքի վայրում, թեև մինչ այդ վստահեցնում էին, որ ահազանգն ստանալուն պես եղել են այնտեղ:





