AM
26 Նոյեմբեր 2012 - 10:45 AMT

Տվեր քաղաքում նոր հայկական եկեղեցի է կառուցվել

Նոյեմբերի 24-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Տվեր քաղաքի նորակառույց եկեղեցու խաչերի օրհնության և օծման արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանից:

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2000 թ-ին: Բուն շինարարական աշխատանքները սկսվել են 2007 թ., երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական բաժինը հաստատել է եկեղեցու նախագիծը: Եկեղեցին կառուցվել է Վալերի Առուշանովի, Վալերի Հակոբյանի և Գագիկ Յազիչյանի բարերարությամբ: 33 մետր բարձրությամբ հայկական ավանդական ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցին քաղաքի կենտրոնում է և ունի 2500 քմ տարածք:

Եկեղեցուն կից կառուցվել է նաև եռահարկ մի շենք, որտեղ ընդգրկված է դպրոցը, հովվատունը, թանգարանը և հանդիսությունների սրահը: Ինչպես եկեղեցու, այնպես էլ կից շինության ներքին հարդարման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շուտով կտեղադրվեն պատուհանները: Քանի դեռ ընթացքի մեջ էին շինարարական աշխատանքները, Գագիկ Յազիչյանի նախաձեռնությամբ 2005 թ. Հայաստանից խաչքար է բերվել և տեղադրվել եկեղեցու բակում` աղոթքի, ուխտի և մոմավառության համար:

Տվերի մարզում ապրում է քսան հազար հայ, իսկ Տվեր քաղաքում` վեց հազար: