AM
27 Նոյեմբեր 2012 - 06:20 AMT

«Ժողովուրդ». Ջրծաղիկի համաճարակ` Հրազդան քաղաքում

Հրազդան քաղաքում նկատվում է ջրծաղիկի համաճարակ, գրում է «Ժողովուրդ» թերթը: Ըստ թերթի աղբյուրների` նախակրթարանների և դպրոցների բազմաթիվ երեխաներ այս օրերին բացակայում են ուսումնական պարապմունքներից ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով:

Վարակվածների թվով ամենաշատ դեպքերը գրանցվել են քաղաքի թիվ 6 դպրոցում, որի տնօրեն Գրիշա Ղազարյանը թերթի հետ զրույցում հաստատել է լուրը և հավելել. «Դա համաճարակ դիտել չի կարելի: Անհանգստանալու կարիք էլ չկա, դա վտանգավոր հիվանդություն չէ, և ավելի լավ է երեխաները հիմա հիվանդանան, քան ավագ տարիքում: Այս ընթացքում շուրջ 30-40 երեխա հիվանդացել է և բուժվել»:

Տնօրենի վկայությամբ` հիվանդության պատճառով զանգվածային բացակայությունները սկսվել են դեռևս հոկտեմբերին: Երեկվա դրությամբ դպրոցի 312 աշակերտից դասի չեն ներկայացել 15-ը, որից միայն 6-ը` ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով: