AM
27 Նոյեմբեր 2012 - 09:10 AMT

Վրաստանում վերսկսվել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով քննությունը

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների քննությունը վերսկսվել է: Այդ մասին լրագրողներին է հայտնել հանգուցյալի եղբայր Գիորգի Ժվանիան:

Ժվանիան պնդում է, որ առնվազն արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին ու նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին թաքցնում են ճշմարտությունը Ժվանիայի մահվան մասին:

«Ես շարադրեցի իմ տեսակետը գործի վերաբերյալ ու իմ փաստարկները, այժմ հերթը դատախազությանն է և մեկնաբանություն պետք է անի քննիչը, որը վարում է գործը»,-հայտարարել է Գիորգի Ժվանիան:

Վրաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ 42-ամյա վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացած հայտնաբերվեց 2005 թվականի փետրվարի 3-ին վարձակալված բնակարանում իր ընկերոջ՝ 22-ամյա Ռաուլ Յուսուպովի հետ: Ըստ պաշտոնական վարկածի, նրանց մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն էր:

Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածը հենց սկզբից կասկածելի էր թվում: Հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Զուրաբ Ժվանիայի եղբայրը, որը պատգամավոր դարձավ «Վրացական երազանք» կոալիացիայից, կրկին հայտարարեց, որ իրականում վարչապետը սպանվել է այլ վայրում և հետո միայն նրա դին տեղափոխվել է այդ բնակարանը, հայտնում է «Թրենդը»;