Վրաստանի կառավարությունը կվարի ԱՄՆ հետ համագործակցության խորացմանն ուղղված քաղաքականություն: Այդ մասին լրագրողներին է հայտարարել վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո:
Հանդիպմանը Իվանիշվիլին ասաց. «Վերլուծության ենթարկվեցին Վրաստանի ու ԱՄՆ երկկողմ հարաբերությունները»:
«Ես շնորհակալություն հայտնեցի ԱՄՆ-ին այն բանի համար, որ 20 տարի շարունակ այդ երկիրն աջակցել է Վրաստանին և հույս հայտնեցի, որ նոր կառավարության օրոք այդ հարաբերություններն էլ ավելի կխորանան»,-հայտարարել է վարչապետը:
Նա «հավաստիացրել է պարոն Ռուբինին, որ «Վրաստանն էլ ավելի հուսալի գործընկեր կլինի ԱՄՆ համար»:
Իր հերթին Ռուբինը Իվանիշվիլու հետ հանդիպումը «դրական է» անվանել: «ԱՄՆ-ն հետագայսում ևս կսատարի Վրաստանի ինտեգրմանն եվրաատլանտյան կառույցներին»,-ասել է ԱՄՆ դիվանագետը:





